4500 անդամ ունեցող ARMACAD (Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա) հասարակական կազմակերպության ներկայացուցչությունը այսուհետ նաև գործում է Արցախում:
Փետրվարի 15–ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կառավարության աջակցությամբ բացվել է ABC կրթական հասարակական կազմակերպության արցախյան գրասենյակը: Հենց այս գրասենյակում էլ գործում է ARMACAD-ի ներկայացուցչությունը:
Հանդիսանալով Հայաստանի ամենամեծ գիտակրթական ցանցը` ARMACAD-ը օրական տարածում է մինչև տասը հայտարարություն գիտական և կրթական հնարավորությունների մասին, իսկ արդեն մեկ տարի է ARMACAD-ում կարելի է հանդիպել հայտարարություններ Արցախի մասին: Նպատակը պարզաբանում է ARMACAD հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Գևորգյանը. «ARMACAD-ում գրանցված է 4500-հոգանոց ցանց, որից 2000–ը օտարերկրյա գիտնականներ ու ուսանողներ են, որոնք կարդում են ցանցում տեղադրված հայտարարությունները: Մի շարք հայտարարություններում տեղ գտած Արցախ բառը գրավում է օտարերկրացիների ուշադրությունը և նրանք ուզում են իմանալ, թե ինչ ասել է Արցախի Հանրապետություն: Իսկ նրանք, ովքեր գիտեն, հասկանում են, որ Արցախը ոչ միայն կոնֆլիկտի կողմ է, այլև գիտակրթական արտադրանք տվող հանրապետություն, որտեղ կազմակերպվում են տարաբնույթ գիտակրթական ծրագրեր, այնպիսիք, որոնք վայել են ինքնիշխան պետությանը»:
Ցանցում գրանցված են Արցախի տարբեր համալսարանների ներկայացուցիչներ, որոնք տեղեկանալով միջազգային տարբեր ծրագրերի մասին, կարող են դիմել և իրենց կրթությունը շարունակել տարբեր միջազգային հաստատություններում`ստանալով կրթաթոշակ և ապրելավարձ:

Մի շարք հայտարարություններում տեղ գտած Արցախ բառը գրավում է օտարերկրացիների ուշադրությունը և նրանք ուզում են իմանալ, թե ինչ ասել է Արցախի Հանրապետություն - նշում է Խաչիկ Գևորգյանը
Ծրագրի շրջանակներում Արցախում արդեն սկսվել են անգլերենի դասընթացները, դասախոսություններ են եղել վերաբնակեցման և մի շարք միջազգային կառույցների մասին:
Կազմակերպության տարածած հայտարարությանն ի պատասխան ABC–ի արցախյան գրասենյակը արդեն սպասում է իր առաջին կամավորներին` Լիբանանից և Ֆրանսիայից, որոնք պատրաստակամություն են հայտնել կամավոր աշխատել Արցախի գրասենյակում:
«Արցախի կրթական մակարդակը, միջազգային չափանիշներով եթե չափենք, դեռևս ցածր է: Ու ոչ միայն կրթական մակարդակը, այլև մտածողությունը, ընկալումը Արցախ-արտերկիր և արցախյան գիտակրթական կենտրոններ – արտերկրյա գիտակրթական կենտրոններ կապի մասին դեռ ձևավորված չեն: Այն խնդիրները, որոնք ունեցել և դեռ ունենք Հայաստանում, ավելի խորացված ձևով ունենք այսօր Արցախում: Սակայն հուսով ենք և կանենք հնարավորինս, որ առաջիկա տարիներին դա փոխվի»,- նշում է Խաչիկ Գևորգյանը:
ARMACAD ցանցին միանալու համար կարող եք այցելել www.armacad.info կամ այցելել հետևյալ հղումով` http://groups.yahoo.com/subscribe/Armenian-Academic-Association-ARMACAD և գրանցվել ցանցում:

